Երբ մենք երիտասարդ էինք, և աշխարհը մեզ հետ և մեր չափ երիտասարդ էր ու, իհարկե, անսահման գեղեցիկ, երբ մեր Երևանը ելնող-հառնող քաղաք էր, երիտասարդության սիրտը խփում էր գեղեցկության հևքով, երիտասարդության սիրտը երգում էր:

Մեր մեջ երգողը-ձայնեղը-ձայնավորը Եգիպտոսից եկած Պերճ Թյուրաբյանն էր՝ անկասկած շնորհալի և օժտված անձնավորություն: Պերճը աչք էր բացել և աճել էր ընտիր գրական հայերենի հովանու ներքո, ուրեմն մեր լեզվի երաժշտական գեղեցկության զգացողությունը իր մեջ առկա էր ի սկզբանե:

Դեռ ուսանողության տարիներին ֆրանսերենին հրաշալի տիրապետող Պերճը տարված էր ֆրանսիական թովիչ շանսոնով՝ Ժակ Բրելի, Ժորժ Բրասենսի, այլոց գրավիչ երգեցողությամբ: Եվ Պերճը հավատացած էր, որ մեր բանաստեղծության տողերի խորքում, ինչպես մարգարիտը խեցու մեջ, աննման մեղեդիներ և արդիական երաժշտություն կան պահված:

Եվ Պերճը սկսեց երգել: Նախ նա սքանչելի երգում էր մեր ընտիր երգերը՝ ժողովրդականից մինչև Նիկոլ Գալանտերյան, և երգում էր շատ ինքնատիպ երանգով: Հետո նա արդիական երգեցողություն էր գտնում Չարենցի, Վահան Թեքեյանի, Զահրատի և այլ ընտիր բանաստեղծների տողերի մեջ:

Եվ մեկը մեկից լավ ձայներիզներ ունեցավ: Դրանք հայ դասական բանաստեղծության իր յուրովի ընկալումներն էին, այդ բանաստեղծության ինքնատիպ բացահայտումներ:

Հետո Պերճը նրբորեն ու հմտությամբ, ես կասեի՝ մի առանձին փայլով, հայերենի վերածեց Շառլ Ազնավուրի և Ժակ Բրելի երգերը: Եվ իհարկե, այս բոլորի հետ Պերճը գրում էր իր երգերը՝ գեղեցիկ, գրավիչ, ինքնաբուխ և անմիջական:

Քաղաքն ու ժամանակը երգեր էին թելադրում նրան, Պերճը գրի էր առնում և երգում էր: Դրանք կիթառի նվագակցությամբ երգվող հրաշալի բալլադներ էին, մեր պատրանքների և մեր հրապուրանքների, մեր գայթակղությունների ու մեր կորցրածի, մեր հոգեկան վերելքների ու մեր տվայտանքների երգային-քնարական պատմությունը:

Պերճի այս նոր սկավառակը նոր շեշտեր ու նոր երանգներ ունի՝ անառիթ տխրության, լուսավոր թախծի, դրամատիկական ապրումների ու զգացումների... Կյանքն ու ժամանակը, ինչպես նաև մարդու տարիքը, որ իր հոգեկան փորձն է, միշտ իրենց կնիքն են դնում ազնիվ երգերի վրա:

Պերճի վերջին երգերից մեկը կոչվում է «Լարախաղաց»:

Իսկական արվեստագետը լարախաղացի պես քայլում է առօրյա կյանքի անդունդի վրա ձգված լարի վրայով, քայլում է առանց ձողի, առանց ապահովության: Անդունդը անդիմադրելի ուժով նրան ձգում-քաշում է վար, բայց իր ձիրքն ու անհատականությունը նրան պահում են լարի վրա:

...Պերճ Թյուրաբյանը, անկասկած, ունի այն անառարկելի ձիրքը, որ արդեն տասնամյակներ նրան պահում է արվեստի նուրբ լարի վրա...

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ