Պերճ Թյուրաբյանը (կամ` Թիւրապեան) ծնվել է Եգիպտոսում, փետրվարի 7-ին, 1950թ.: Նախնական կրթությունը ստացել է Կահիրեի Մխիթարյան վարժարանում, այնուհետև սովորել է Ֆրանսիական Քոլեջում: Երգի ու երաժշտության հետ իր աղերսների մասին այսպես է պատմում.
"7 տարեկանից ընտանեկան հավաքներում հայերեն երգեր էի երգում, նույնիսկ "Փոքրիկ տղան մի վարդ տեսավ" բարդ ռոմանսը, մեծ հորս՝ Սահակ Թյուրաբյանի նվագակցությամբ: Մեծ հայրս բազմակողմանի մարդ էր` նվագում էր և՛ ջութակ, և՛ դաշնամուր, թե՛ արվեստագետ էր և թե՛ հմուտ արհեստագետ ... Մի օր, ոգևորված իմ երաժշտական հակումներից, նա ինձ մի ջութակ նվիրեց: Բայց ջութակը գրեթե պատյանից դուրս չեկավ: Եղբայրս դաշնամուրի դասեր էր առնում: Ծնողներս ուզեցին, որ ես նունպես դաշնամուր սովորեմ, այդ մեկն էլ չստացվեց: Իսկ երգելը շարունակվեց, և տասներկու տարեկանիս արդեն ոչ միայն ընտանեկան, այլև հայկական գաղութային հանդեսներին "Երկնային Սատանաներ" (Sky Devils) նվագախմբի հետ երգում էի հիմնականում ֆրանսիական, իտալական և այլ օտար երգեր: Հիշարժան է մի դեպք. մասնակցելու էի երգի մի մրցույթի Ազնավուրի La Mamma երգով: Տասներեք տարեկան էի, և այդ օրն այնպես պատահեց, որ ծնողներս ինձ պատժել էին և արգելել տնից դուրս գալ: Միջոցառման կազմակերպիչներից մեկն անվերջ հեռաձայնում էր մեր տուն և աղերսում մորս, որ ինձ թույլ տա մրցույթին մասնակցել: Պայման դրվեց, որ կգան ինձ կտանեն և երգելուց անմիջապես հետո կուղեկցեն տուն: Հաջորդ առավոտյան, երբ արթնացա, մայրս ինձ հայտնեց, որ առաջին մրցանակն եմ շահել: Այդ իրողությունը մինչև օրս ինձ թև է տալիս: Դրանից հետո էր, որ սկսեցի երգեր գրելու փորձեր անել":
Պերճ Թյուրաբյանը15 տարեկանում ներգաղթում է Հայաստան: Ավարտում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական բաժինը, որտեղ հետագայում դասավանդում է Ֆրանսերեն լեզու և գրականություն: Արդեն ունենալով բանասիրական կրթություն, սկսում է իր երգերը ստեղծել և դառնում է 1960-ականներին Հայաստանում սկիզբ առած հեղինակային երգի ներկայացուցիչներից մեկը:
"Մի օր այդ երգերը, որոնք երգում էի միայն նեղ ընկերական շրջանակներում (Խորհրդային տարիներին դրանք հրապարակելու մասին երազելն անգամ հանցանք էր), ճամպրուկի մի անկյունում զետեղած, արտագաղթեցինք Միացյալ Նահանգներ": 1987-ին աշխատանքի է ընդունվում Նյու Յորքի Կոլումբիա Համալսարանի գրադարանում, որտեղ և միաժամանակ շարունակում է ուսումը և ստանում գրադարանագիտության մագիստրոսի տիտղոս:
Ներկայումս նույն մասնագիտությամբ աշխատում է Նյու Յորքի Հանրային Գրադարանում: Ինչ վերաբերում է իր երգերին՝ "Դրանք այդ ճամպրուկի անկյունում մոռացված մնացին ավելի քան 10 տարի, թուղթ ու հիշողություն էին դարձել: Բայց ես, քանի որ հայտնվել էի մի հասարակության մեջ, ուր դրամ շահելն ամեն ինչից վեր էր, երկար տարիներ իմ ամենօրյա աշխատանքին զուգընթաց մի փոքրիկ նվագախմբի հետ երգում էի հայկական ռեստորաններում, հայ օջախներում, երգում էի հիմնականում երգեր, որոնք իրականում իմ մտավոր ու հոգևոր աշխարհի հետ ոչ մի առնչություն չունեին. ես մարդկանց խաբում էի, թե սիրով եմ այդ երգերը երգում, և նույնիսկ երբեմն ինձ էի խաբում: Իսկ ինչ վերաբերում է ի՛մ երգերին, մտածում էի՝ ո՞ւմ են պետք: Սակայն ձախողված լինելու զգացողությունն ինձ կրնկակոխ հետևում էր: Ես շնորհակալ եմ այդ մտահալածանքին, որի շնորհիվ պատահեց այնպես, որ մի օր իմ երգերը կրկին փյունիկի նման վերակենդանացան, հրատարակվեցին, նորերը գրվեցին և դեռ շարունակում են գրվել":
Պերճ Թյուրաբյանը հեղինակ է վեց խտասալիկների՝"Ինչ-որ տեղ և մի օր" (իր խոսքերով ու երաժշտությամբ),"Չարենցը երգերում", "Հայերեն"(արևմտահայ ու արևելահայ բանաստեղծների գործերով), "Անունդ" (Վահան Թեքեյանի բանաստեղծություններով), "Թռչնահոգի"(պոլսահայ բանաստեղծներ` Իգնա Սարըասլանի, Զարեհ Խրախունու և Զահրատի խոսքերով), գիրք-ձայնապնակների, որոնք լույս են տեսել "Հայ բանաստեղծները երգերում" շարքի մեջ, և "Ազնավուրը հայերեն" (Ազնավուրի 13 երգերը՝ իր թարգմանությամբ և կատարմամբ):
Հեղինակային համերգներ է ունեցել Երևանում, Միացյալ Նահանգների ու Կանադայի մի շարք քաղաքներում, Փարիզում, Պոլսում, Եգիպտոսում և այլն: